Կլոր սեղան-քննարկում` նվիրված ՙՀայոց Եկեղեցու պատմություն՚ առարկային
Փետրվարի 18-ին, Օշականի Մեսրոպ Մաշտոցի անվան դպրատանը, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և մասնակցությամբ ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում` նվիրված ՙՀայոց Եկեղեցու պատմություն՚ առարկայի անցած ուղուն, ձեռքբերումներին և առկա խնդիրներին: Քննարկումը կազմակերպվել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի կողմից ԵՀԽ Կլոր սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամի աջակցությամբ: Հանդիպմանը ներկա էին հոգևորականներ, կրթական գերատեսչության, կրթական հարցերով զբաղվող պետական կառույցների, դպրոցների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Քննարկման սկզբում բացման խոսքով հանդես եկավ Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Վարդան աբեղա Նավասարդյանը: Ապա հավաքի առիթով ներկաներին իր օրհնությունն ու պատգամն ուղղեց Ամենայն Հայոց Հայրապետը: Անդրադառնալով հանրակրթական դպրոցում ՙՀայոց Եկեղեցու պատմություն՚ առարկայի դասավանդման կարևորությանը` Նորին Սրբությունը մասնավորապես ընդգծեց. ՙԴպրոցից սկսվելով` հավատքի գրագիտությունը պիտի դառնա մեր կյանքի անբաժանելի մասը` զորացնելով մեր հայ-քրիստոնյա ինքնությունը, հաստատելով մեր ժողովրդին հոգևոր-բարոյական արժեքների ու հայրենական ավանդների մեջ: Համաշխարհայնացման և գիտատեխնիկական ձեռքբերումների արդի ժամանակներում մեր նվիրական պարտականությունն է կրթության զարգացման ընթացքներում հայոց բազմադարյա հոգևոր և մշակութային ավանդների պահպանումն ու սերնդեսերունդ փոխանցումը: Մեր ազգային արժեքները ճանաչող, հավատքով ամուր ու հաստատակամ, արդի գիտելիքներով զինված երիտասարդ սերունդն է, որ պիտի համընթաց պահի մեր ժողովրդին կյանքի զարգացումներին և առաջընթացին` հոգևոր-ազգային մշակույթի հարուստ հենքի վրա բարձրացնելով ու կառուցելով ազգային մեր կյանքը՚: Վեհափառ Հայրապետը նաև խոսեց առարկայի դասավանդման գոհացուցիչ արդյունքների մասին: ՙՀայրապետիս համար մեծ ուրախություն է տեսնել բարի արգասիքները, որ շարունակում են արձանագրվել ազգային մեր կրթօջախներում` ի խնդիր մեր սրբազան հավատքի և հայ ինքնության անաղարտ պահպանման ու զորացման: ՙՀայ Եկեղեցու պատմություն՚ առարկայի շնորհիվ այսօր մեր երեխաները ճանաչում են հավատքի սկզբունքները, մեր Եկեղեցին ու նրա առաքելությունը, հաղորդ դառնում ազգային-եկեղեցական տոներին: Ուրախալի է, որ շատ հաճախ աշակերտներն իրենք են դառնում այդ տոնակատարությանց կազմակերպողները` դրանով իսկ արտահայտելով Եկեղեցու և ազգի նվիրյալ ու հավատարիմ զավակը լինելու իրենց նախանձախնդրությունը և իրավունքը՚, - նշեց Նորին Սրբությունը: Խոսքի ավարտին, շնորհակալություն հայտնելով քննարկման մասնակիցներին, Վեհափառ Հայրապետը իր մասնավոր գնահատանքը բերեց Կրթության և գիտության նախարարին` Հայ Եկեղեցու և քրիստոնեական կրթության հանդեպ նրա նախանձախնդրության և ամենայն աջակցության համար: Այս առիթով Նորին Սրբությունն իր օրհնությունը հղեց ՙՀայ Եկեղեցու պատմություն՚ առարկան դասավանդող բոլոր ուսուցիչներին, ովքեր անխոնջ նվիրումով պատանիների հոգում կերտում են հայ քրիստոնյայի կերպարը, ապա նաև դասագրքերի, ուսուցչի ձեռնարկների, ուսումնական ծրագրերի մշակողներին ու կազմողներին: Հայոց Հայրապետը նաև գնահատանքով և օրհնությամբ հիշատակեց Մայր Աթոռի բարերար տիկին Լուիզ Մանուկյան-Սիմոնին, ում ազնիվ նվիրատվությամբ հնարավոր եղավ աշակերտի սեղանին դնել ՙՀայ Եկեղեցու պատմության՚ դասագիրքը: Քննարկման մասնակիցներին նաև ողջունեց Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: ՙ...Ուզում եմ մեկ անգամ ևս շեշտել այն պարզ ճշմարտությունը, որ արձանագրված է մեր սրտերում և ամրագրված է հայոց Սահմանադրության մեջ: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ունի բացառիկ առաքելություն մեր ազգային ինքնության պահպանման, հոգևոր մշակութային արժեքների զարգացման գործում: ...Դպրոցը նաև դաստիարակության վայր է, դպրոցը հայի ինքնության պահպանման վերարտադրման, հայոց պետության քաղաքացի կերտելու վայր է: Եվ այստեղ ում ապավինել, եթե ոչ Մայր Աթոռի, մեր սուրբ Եկեղեցու աջակցությանը: Եկեղեցու հետ համագործակցությունը թույլ է տալիս մեզ, մեր երեխաներին ներմուծել բարոյականություն, բարոյագիտություն և արժեքներ, թույլ է տալիս մեր աշակերտներին կոփել որպես հայեր և թույլ է տալիս առաջին անգամ իրենց համար թակել հոգևոր իմաստության դռները՚, - ընդգծեց ԿԳ նախարարն իր խոսքում: Հանդիպման ժամանակ զեկույցներով հանդես եկան ՔԴԿ-ի աշատակից Ելենա Հարությունյանը ՙՙՀայ Եկեղեցու պատմություն՚ առարկայի անցած ուղին՚ և ԿԳ նախարարությունից Նարինե Հովհաննիսյանը ՙՙՀայ Եկեղեցու պատմություն՚ առարկայի արձանագրած ձեռքբերումներն ու խնդիրները՚ թեմաներով, որից հետո տեղի ունեցավ քննարկում: